Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կտևի մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ կառավարության որոշմամբ։
ՀՀ արական սեռի շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչին ենթկա են այն քաղաքացիները, ում 18 տարին լրանում է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև նրանք, ում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Զինծառայողները, ովքեր ավարտել են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունը, զորացրվելու են մինչև 2021-ի փետրվարի 14-ը ներառյալ` օրենքով սահմանված ժամկետում:
Պաշտպանության նախարարին այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում հանձնարարվել է հաստատել ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանը, որը նախատեսում է, որ զինված ուժերի համալրումը պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության ենթակա քաղաքացիների կողմից կիրականացվի 2021 թ. փետրվարի 8-ից մարտի 31-ը ներառյալ և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողների զորացրում ՝ հունվարի 7-ից փետրվարի 14-ը ներառյալ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






