ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով զինծառայողների հայտնաբերված մարմինների ԴՆԹ նույնականացման գործընթացին, տեղեկացրել է, որ եղել են դեպքեր, երբ այն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել։
«Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է` նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել։ Լինում են նման դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», – ասել է նա՝ հավելելով, որ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է գնվել, այն արդեն ճանապարհին է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասել է, որ այդպիսի դեպքերն ավելի շատ շտապելու հետևանք են, քան ԴՆԹ-ով նույնականացնելու:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, նշելով, որ ԼՂ հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ, հայտարարել է, որ նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։ «Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան»,- ասվում է հայտարարության մեջ։






