AM
24 Դեկտեմբեր 2020 - 10:44 AMT

Պատերազմին մասնակցածների երթևեկության խախտումների վարչական տույժերը կներվեն

Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար արձանագրված վարչական տույժերը: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Առաջարկվել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենք ընդունել։ Ըստ Ֆիդանյանի` կա նաև մեկ այլ առաջարկ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի կիրառումը՝ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հարկ կլինի ընտրել 2 տարբերակից մեկը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է մտածել նաև այն կամավորների մասին, որոնք ռազմական գործողություններին ակտիվ չեն մասնակցել, բայց կամավորական աշխատանք են իրականացրել։ Նա հավելել է, որ պետք է մտածել նաև շահառունների այս խմբի նույնականացման մասին և ինչ-որ որոշում կայացնել նրանց մասով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։