AM
24 Դեկտեմբեր 2020 - 10:48 AMT

ՄԻՊ․ Զենքով հարցեր լուծելու կոչերն անթույլատրելի են

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով բողոքի ակցիաներից մեկի ժամանակ հնչած ելույթին, հայտարարել է, որ զենքով հարցեր լուծելու կոչերն անթույլատրելի են։

«Այսօր զանգվածային ակցիաներից մեկի ժամանակ հնչել է ելույթ, որում խոսվել է զենքով հարցեր լուծելու մասին ու հնչել են զինված հեղաշրջման կոչեր: Թեև դրանից անմիջապես հետո ընդդիմության առաջնորդներից մեկն արդեն իր խոսքում շեշտել է, որ բռնությունն անթույլատրելի է և հարցերը պետք է լուծվեն միայն սահմանադրական ճանապարհով, այդուհանդերձ, նկարագրվածը խիստ դատապարտելի ու բացարձակ անթույլատրելի երևույթ է»,-ասվում է գրառման մեջ:

Թաթոյանը հավելել է, որ այս օրերին տեղի ունեցող ընդդիմության զանգվածային ակցիաների կազմակերպիչները պարտավոր են նկատի ունենալ, որ ընդդիմությունը նույնպես պետականության ինստիտուտ է, ընդդիմությունից նույնպես կախված է երկրում մարդու իրավունքների վիճակն ու համերաշխությունը, ուստի պետք է գործել ըստ այդմ:

«Իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների երաշխավորումը պետք է լինեն բոլոր նախաձեռնությունների հիմքում: Այս ամենին զուգահեռ, իրավապահ ու մյուս իրավասու պետական մարմինները պարտավոր են ապահովել իրավունքի գերակայություն թե՛ իրենց սեփական գործողություններում, թե՛ երկրում՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավք և ցույցեր են կազմակերպում, իսկ մի մասը երկու օր է չի հեռանում Հանրապետության հրապարակից։ Դեկտեմբերի 24-ի առավոտյան նրանք շրջափակել են կառավարության շենքը թույլ չէին տալիս, որ կառավարական մեքենաների շարասյունն անցնի, սակայն, շարասյունն անցավ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ուղեկցությամբ։ Կան բերման ենթարկվածներ։