Ոստիկանները կառավարության շենքի մոտից կեսօրին բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի շարք քաղաքացիների։ Այս տարբերակով ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաները, այդ թվում՝ Փաշինյանի, դուրս գա Կառավարության շենքից։
Բերման ենթարկվելու պահին քաղաքացիներից ոմանք փորձել են ընդդիմանալ՝ ոստիկաններին կոչ անելով չծառայել հայրենիքը հանձնած «թուրքին», գրում է Panorama.am-ը։
Այնուամենայնիվ, կառավարական մեքենաների շարասյունը կարողացել է դուրս գալ՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։
Քաղաքացիները ձվեր են նետել կառավարության շենքի վրա, իսկ մինչ այդ ձնագնդիներով հարվածել կառավարական մեքենաներին, տեղեկացնում է Aysor.am-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավք և ցույցեր են կազմակերպում, իսկ մի մասը երկու օր է չի հեռանում Հանրապետության հրապարակից։ Դեկտեմբերի 24-ի առավոտյան նրանք շրջափակել են կառավարության շենքը թույլ չէին տալիս, որ կառավարական մեքենաների շարասյունն անցնի։






