Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները նախատեսվում է բարձրացնել՝ հասցնելով 1500-ից 15,000 դրամի՝ կախված աշխատավարձի չափից։ Առաջարկությունը ներկայացրել է կառավարությունը։
Նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ պատերազմի հետևանքով հիմնադրամի շահառուների թիվը կտրուկ աճել է։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով առաջարկը, նշել է, որ առաջարկվում է նաև կրճատել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին անհետ կորած ճանաչելու ժամկետը՝ 1 տարուց դարձնելով 3 ամիս։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին։ Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։






