AM
25 Դեկտեմբեր 2020 - 08:03 AMT

Արցախում զոհված Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում

Արցախում զոհված «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը:

«Արմավիրի ավագանու նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: «Փառք հայրենիքի պաշտպանության խրամատում զոհված բոլոր հերոսներին»,- ասվում է գրառման մեջ։

«Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է հոկտեմբերի 17-ին: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհվել էր նաև նրա որդին՝ Ռաֆիկը։ Հակառակորդի անօդաչուն հարվածել էր նրա մեքենային։ Գասպարյանը պարգևատրվել էր Հայաստանի և Արցախի «Արիության մեդալներով», այլ հուշամեդալներով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։