«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով և 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է:
Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
«Ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,- դատարանի բակում լրագրողներին ասել է նրա փաստաբանը: Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, գրում է «Առավոտը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






