2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության
ծառայությունում Արցախից ՀՀ տարածք ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու մեկ տասնյակից ավելի հարուցված քրեական գործեր։
Վերոհիշյալ քրգործերով հետապնդում է հարուցվել ընդհանուր 18 անձի նկատմամբ, 16 անձ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է, որոնցից 9-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր թվով 4 հատ գնդացիր, օպտիկական սարքերով համալրված հակատանկային նռնականետեր, թվով 12 հատ «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող 14 հատ օպտիկական սարքերով հրազեն, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ՝ յուրաքանչյուրում 2560 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 2168 հատ 7.62, 9.18 և 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող 27 հատ պայթուցիչներ, 4 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչներ, վառոդաթելեր, 14 հատ «ՌԳԴ», «Ֆ-1» և այլ տեսակի նռնակներ, սվին դանակներ, հրազենների համար նախատեսված մաս-մեխանիզմներ և շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ իրեր ու առարկաներ:
Քրգործերի նախաքննությամբ պարզվել է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և նախատեսված են եղել կամ օգտագործվել են ռազմական գործողություններում:
Քրեական գործերով որպես մեղադրյալ նեգրավված անձինք զենք-զինամթերքը թաքցնելով հիմնականում Արցախից մեկնող ավտոմեքենաներում ապօրինի կերպով տեղափոխել կամ փորձ են արել տեղափոխել ՀՀ` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






