AM
25 Դեկտեմբեր 2020 - 12:06 AMT

Մելիքյան․ «Կարմիր բերետների» ոստիկանը 3 անգամ ձեռքով հարվածել է քաղաքացու դեմքին

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը հարվածներ է հասցրել ցուցարարի դեմքին և հայհոյել է նրան։

«Նկարում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն է։ «Կարմիր բերետների» ստորաբաժանման ոստիկանը (որին քաղաքացիները նույնականացրել են որպես կապիտան Վլադ կամ Վոլոդյա Ադամյան) ոստիկանական մեքենայում հայհոյել և երեք անգամ ձեռքով հարվածել է Ս.Մ.-ի դեմքին։

Բուժօգնություն ստանալուց հետո եկել ենք Ոստիկանության բաժին՝ հանցագործության մասին հաղորդում տալու»,- ասվում է գրառման մեջ։

Մելիքյանը նշել է, որ հանցագործ ոստիկանները պետք է պատժվեն ամբողջ խստությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կրկին փողոցներ են փակել։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին, Ամիրյան փողոցում, երբ ոստիկանությունը բերման է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին, որոնք փակել էին փողոցը։