AM
25 Դեկտեմբեր 2020 - 13:44 AMT

Նախարար․ Ում կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ

Արցախում մշտական բնակավայր ունեցող բոլոր այն քաղաքացիները, որոնց կացարանը պահպանվել է, գրեթե բոլորը վերադարձել են Արցախ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա հավելել է, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակարանները պատերազմի հետևանքով վնասվել են և հնարավոր չէ այնտեղ բնակվել, սակայն բնակավայրը գտնվում է Արցախի վերահսկողության տակ, նույնպես ֆինանսական աջակցություն կտրամադրվի։ Առաքելյանը տեղեկացրել է, որ այդ քաղաքացիներն առաջիկա օրերին կարող են արդեն դիմել, յուրաքանչյուրին հատկացվելու է 250,000 դրամ։ Այս ծրագիրը կտևի երեք ամիս, քանի որ Արցախի կառավարությունն այս բնակարանների վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, գրում է «Առավոտը»։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում փաստացի գրանցված և վերջին երեք ամսում այնտեղ բնակված քաղաքացիներին ևս սոցիալական աջակցություն է տրամադրվում, նախարարության մոտավոր հաշվարկներով՝ մոտ 30,000 նման շահառու կա։

«Նրանցից այս պահին մոտ 5000-ը ստացել է աջակցությունը, մյուս մասի նույնականացում է իրականացվում և ամեն օր աջակցություն է տրամադրվում։ Այս աջակցությունը կազմում է 300,000 դրամ՝ յուրաքանչյուր նման շահառուի համար, այդ թվում՝ անչափահաս»,- ասել է նախարարը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։