Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթից հետո սյունեցիները մնացել են նույն դիրքերում, թշնամին ևս՝ իր ունեցածում։
Փարսյանը նշել է, որ իրենք ակտիվ աշխատել են ՊՆ-ի հետ։ Նա վստահություն է հայտնել, որ գեներալները, որոնց հետ կապի մեջ են եղել, տեղյակ չեն եղել, որ սյունեցիները պետք է լքեն իրենց բնագծերը, գրում է Panorama.am-ը։
«Այդ համաձայնագրից հետո թշնամու կողմից նույնիսկ որևէ ագրեսիա չի եղել։ Այնպիսի տպավորություն էր, որ թշնամին էլ է ինչ-որ բանի սպասում։ Ստորագրված փաստաթղթում ոչինչ չկար մեր զբաղեցրած բնագծերից Զանգելանի և Կուբաթլուի շրջանները զիջելու վերաբերյալ։ Բայց մեզ տեղեկացրին, որ այդ շրջանների հետ կապված լինելու են բանակցություններ։ Եվ մենք էլ խնդրեցինք՝ բանակցությունների դեպքում անպայման հաշվի առնել մեր կարծիքը։ Ասեմ, որ որևէ անգամ, որևէ կերպ մեզ հետ կապ չի հաստատվել»,- ասել է Կապանի քաղաքապետը։
Նա նշել է, որ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարարի հետ։
«Ես այդ հարցը հնչեցրել եմ, թե ո՞նց եղավ, որ փաստաթղթի առաջին կետով նշված է՝ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ մեզ ասում են՝ զիջեք դիրքերը, և դա այն պարագայում, որ որևէ բանակցություն, քննարկում չի եղել։ Նա ինձ պատասխանեց, որ այդ համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե նման համաձայնություն ի սկզբանե եղել է, ապա ինչո՞ւ մենք տեղյակ չենք եղել, ինչո՞ւ էինք մենք ամրացնում մեր դիրքերը։ Համաձայնագրի ստորագրումից հետո մենք պաշտպանության երկրորդ, երրորդ բնագծեր ենք կառուցել։ Նույնիսկ այն կարծիքին ենք եղել, որ կարող է էլի կռիվ լինի այդ հողերի համար, դրա համար ամրացել ենք այդ տարածքի վրա»,- ներկայացրել է Գևորգ Փարսյանը։
Նա նշել է, որ պաշտպանության նախարարից հարցրել են նաև, թե արդյո՞ք հնարավոր է նոր բանակցություններ ունենալ. «Ասաց՝ չէ, բացառվում է»։
Ուստի, Կապանի քաղաքապետի խոսքով, իրենց ոչինչ չի մնացել անելու, քան զիջել այդ դիրքերը։
Կապանի քաղաքապետը նաև առաջարկել է զենք կրելու թույլտվություն տալ սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական ուժերը հետ են քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։






