AM
29 Դեկտեմբեր 2020 - 06:20 AMT

Փաշինյան․ Պատերազմից խուսափելու մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները՝ մոռանալով Արցախի կարգավիճակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից, հայտարարել է, որ պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները`մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։

Նա հավելել է, որ այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016-ի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։

Փաշինյանը նշել է նաև, որ երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016-ի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքի (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։

«Ինչու՞ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։

Ռուսաստանի և բոլորի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը նման տարբերակի երբեք չի համաձայնվի (ունի չհամաձայնվելու համար անհրաժեշտ կարողություն) և ուրեմն, պետք էր պրոցեսը փակուղուց դուրս բերելու ուղիներ գտնել։ և, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր և սա էր պատերազմի պատճառը, ինչու՞ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները և տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։

Պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա, իհարկե, ետին թվով այս տարբերակի կողմնակիցները, հասկանալիորեն, շատացել են։ Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այս պարագայում նույնպես Գորիսի հարևանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ։ Նաև՝ ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»,-գրել է նա։

Ըստ վարչապետի` «ճկուն» քաղաքականության ջատագովների մեծագույն բացթողումն այն է, որ նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։

«Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ հետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին»,-գրել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 27-ին հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Տող գյուղը ադրբեջանական ԶՈւ ամբողջական վերահսկողության ներքո է։ Արձագանքելով ադրբեջանական ապատեղեկատվությանը՝ Պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։ Նշվել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։