AM
29 Դեկտեմբեր 2020 - 09:17 AMT

Կաթողիկոսը կարևորել է սարկավագների ծառայությունը Դադիվանքում

Դեկտեմբերի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորել է սարկավագների ծառայությունը՝ մասնավորապես, գնդերեցների մատուցած ծառայությունը բանակին, և գնահատանք հայտնել այն սարկավագներին, որոնք դժվար ու ծանր օրերին հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում։

Կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագների դասի հետ հանդիպել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առթիվ։

Կաթողիկոսը հավելել է, որ նրանք հաղթահարեցին թշնամու ոտնձգությունները, որով հնարավոր դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։

Գարեգին Բ-ն ընդգծել է, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ «մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության»։ Նա ներկայացրել է Մայր աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևորելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դադիվանքում արցախցի զույգի պսակադրություն է տեղի ունեցել։ Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում գտնվող վանքում դեկտեմբերի 27-ին պսակադրվել են Արամ Վերդյանը Ստեփանակերտից և Իրինա Գաբրիելյանը Մարտակերտից։ Նորապսակները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին։ Դադիվանք էր այցելել ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտրոսյանը՝ նա պատարագ էր մատուցել վանքում։