Սյունիքի Գորիս քաղաքից Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցի զինվորականները «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ են տեղադրել՝ ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով, հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Դեկտեմբերի 28-ին ադրբեջանցի զինվորականները ցուցանակ են տեղադարել, որտեղ Ադրբեջանի քարտեզն է՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ։ Ճանապարհի որոշ հատվածներում ադբեջանական դրոշներ կան։
«Սա բացարձակ դատապարտելի ու խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է, առաջին հերթին հաշվի առնելով այն խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքն ու պատերազմական մյուս հանցանքները, էթնիկ զտումները, որ Ադրբեջանի զինված ուժերը մեր ժողովրդի նկատմամբ կատարել են հատկապես սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում ու դրանից հետո»,- ասել են ՄԻՊ-ից։
Կառույցից հայտնել են, որ այդ համայնքների բնակիչներն ահազանգել են՝ մտահոգվելով իրենց կյանքի, ֆիզիկական անվտանգության ու անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքների մասին։
Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո Սյունիքի մարզի որոշ գյուղեր ու ճանապահահատվածներ, որոնք նախկինում Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս են եղել, սահմանազատման աշխատանքի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ են անցել, այդ հատվածներում ադրբեջանցի զինվորականներն են վերահսկում ճանապարհը։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։






