AM
29 Դեկտեմբեր 2020 - 10:08 AMT

Ալրաղացի Լյովիկի կազմակերպած հարձակման քննությունն ավարտվել է

ԱԱԾ-ում ավարտվել է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը կազմակերպելու դեպքով ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (առավել հայտնի որպես Ալրաղացի Լյովիկ) դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հարձակումը կազմակերպվել է 2008-ի հոկտեմբերի 27-ին Ա. Ա.-ին պատկանող, Երևանի Իսահակյան փ․ թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում։

Ա.Կ.-ի միջոցով ծանոթ լինելով Ա.Ն.-ի հետ և իմանալով նշված հանցավոր համագործակցության անդամների ավազակային հարձակման մասին, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լ.Ս.-ն, լարված հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով, որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում վերջինիս առանձնատան վրա։ Նշված հանցավոր մտադրության մասին Լ.Ս.-ն հայտնել է քրոջ ամուսնուն՝ Ս.Ղ.-ին, ով համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը և, նախկինում լինելով Ա.Ա.-ի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

Առանձնատան վրա հարձակման արդյունքում հանցավոր խմբի անդամները հափշտակել են մոտ 45 մլն դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր և հեռացել։

Հանցավոր արարքները կատարելու համար Լ. Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 175-րդ հոդվածի (ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակում) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ), խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն գործի շրջանակում ՔՕ 175-րդ հոդվածի 3-րդ մասի (ավազակություն՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակում) 1-ին և 2-րդ կետերով (պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ) մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրականը հաստատելու և գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելու նպատակով։

Ամբողջական հաղորդագրությունը՝ բոլոր մանրամասներով, կարդացեք այստեղ:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2019-ին Մոսկվայում։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: