Եկեղեցու, առավել ևս Ամենայն հայոց կաթողիկոսի արձագանքը ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և վարչապետի հրաժարականի պահանջը բնական են, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
«Մեր պատմության ամբողջ ընթացքում եկեղեցին եկեղեցուց արտաքսել և եկեղեցուց դուրս է դրել այնպիսի անձերի, որոնք շատ ավելի նվազ վնաս են հասցրել երկրին, ժողովրդին, քան այս իրավիճակում այն անձը, որը կրում էր թիվ մեկ պատասխանատվությունն այս գործընթացների համար։ Եվ հանրային ընկալման տեսանկյունից չափազանց անհասկանալի կլիներ, որ եկեղեցին որպես դիտորդ մնար այս իրավիճակում։ Իսկ ինչը վերաբերում է մեր համոզումներին՝ ուղղակի հնարավոր չէր չարձագանքել այդ երևույթին»,- ասել է Արշակ սրբազանը։
Արքեպիսկոպոսը նաև նշել է, որ Սուրբծննդյան պատարագին պետական բարձրաստիճան մի շարք այրերի, այդ թվում՝ վարչապետի չմասնակցելն իրենց որոշումն է, իրավիճակով պայմանավորված՝ հրավերներ կամ շնորհավորանքներ եկեղեցին չի ուղղել պետական այրերին, «հետևաբար նման սպասում էլ չկար, որ երկրի բարձրաստիճան ղեկավարությունը պետք է մասնակցի հրավերին ընդառաջ»։
Հունվարի 6–ին, ՀՀ վարչապետը չէր մասնակցել Սուրբծննդյան պատարագին։ Ավելի ուշ նրա խոսնակը Նիկոլ Փաշինյանի բացակայությունը մեկնաբանել էր համաճարակային իրավիճակով։
«Իրենց որոշումն է եղել, մենք եկեղեցու մուտքը որևէ մեկի առջև չենք փակում, քանի դեռ նա հաղորդությունից, եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ։ Կարծում եմ, որ բացատրությունները պետք է փնտրել իրենց պատասխաններում»,- ասել է սրբազանը։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ ինքը հակված չէ կարծիքին, թե պատարագին չմասնակցելն արհամարհանք է եկեղեցու նկատմամբ։
Անդրադառնալով Telegram-ի ալիքներից մեկում տարածված այն լուրին, թե ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է ուղղորդում եկեղեցու դեմ շարժումը` սրբազանը նշել է, թե չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել տեղեկությունը։ Սակայն, ըստ սրբազանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաթողիկոսի և եկեղեցու դեմ քարոզչություն իրականացրած պետական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, ենթադրում է, որ իշխանության կողմից որոշակի քաջալերանք կա։
Վերջին 2․5 տարվա ընթացքում Հայաստանում եկեղեցու ու իշխանության հարաբերությունները պարբերաբար սրվել են։ Կաթողիոկս Գարեգին Բ-ն ու մի շարք հոգևորականներ խոսել են վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունից։






