AM
8 Հունվար 2021 - 08:23 AMT

ԱՆ-ն որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել

ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում, տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայում հունվարի 11-ին հնարավոր է պայմանագրի ստորագրում ՀՀ և Ադրբեջանի միջև։ Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե այդ պայմանագրի տեքստը գաղտնի ուղարկվել է Արդարադատոթյան նախարարություն ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

Նշվում է, որ մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։