AM
9 Հունվար 2021 - 13:14 AMT

Սոֆյա Հովսեփյան․ «Իմ քայլը» կառավարության կողքին էր միայն իբրև կոճակ սեղմող, ոչ օգնող

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը եղավ միայն կառավարության կողքին իբրև կոճակ սեղմող, այլ ոչ թե կառավարությանն օգնող, խորհուրդ տվող, առաջնորդող, հայտարարել է խմբակցությունից դուրս եկած, սակայն պատգամավորական մանդատից չհրաժարված Սոֆյա Հովսեփյանը, փոխանցում է 24News-ը։

«Իմ որոշումը չեմ հասցրել քննարկել խմբակցության ղեկավարի հետ, խմբակցության երեկվա նիստում փոխանակ քննարկեինք կարևոր, հրատապ հարցը՝ ամսի 11-ի հանդիպումը (Փաշինյանի հնարավոր այցը Մոսկվա – խմբ.), քննարկում ենք մի բան, որը չունի այդ հրատապությունը։ Խմբակցությունը միայն եղավ կառավարության կողքին իբրև կոճակ սեղմող, այլ ոչ թե կառավարությանն օգնող, խորհուրդ տվող, առաջնորդող»,-հայտարարել է նա։

Հովսեփյանը նշել է, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը պայմանավորված չի եղել միայն մեկ պատճառով, իսկ այդ քայլը «հնարավորություն է տալիս սատարելու իշխող խմբակցությանն այն գործերում, որոնք ուղղված են դրական փոփոխություններին, և չլինել այն գործերում, որոնք իր սկզբունքներին և արժեքներին դեմ են»։

Հովսեփյանի խոսքով՝ ինքն ունեցել է արժեհամակարգային խնդիր, և այնտեղ, որտեղ իր հայացքները համընկնում են, պատրաստ է օժանդակել կառավարությանը։

Սոֆյա Հովսեփյանն «Իմ քայլը» լքելու մասին հայտարարել է հունվարի 8-ին։ Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հովսեփյանի՝ «Իմ քայլը» լքելու որոշումից հետո հիշեցրել էր էր, թե ովքեր են լքել իրենց խմբակցությունն ու նշել, թե նրանք պիտի բացատրեն՝ ինչ մանդատով են շարունակում պատգամավոր լինել։ ՔՊ-ից Հովսեփյանի քայլը «առնետավազք» էին որակել։