AM
11 Հունվար 2021 - 06:27 AMT

Մանուկյան. Մեր շահերի դեմ որևէ որոշում մերժվելու է հայ ժողովրդի կողմից և չեղարկվելու՝ իշխանափոխությունից հետո

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին, հայտարարել է, որ հայ ժողովրդի շահերի դեմ որևէ որոշում մերժվելու է ժողովրդի կողմից և չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

«Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով մենք նախաձեռնել էինք հանդիպում Արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը խուսափեցին հանդիպումից, ինչը խորացրեց մեր մտահոգություններն ու կասկածները։ Ողջունում ենք ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ մեզ հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու փաստը։

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։ Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ։

«Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է, և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում ՀՀ-ից դեպի ՌԴ, Իրան, ինչպես նաև ՀՀ կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: