Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չպետք է խախտի ՀՀ սահմանադրությունը, միջազգային իրավունքը և ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կառնչվի Արցախին և ՀՀ տարածքին, զինված ուժերին, հայտարարել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ բացառություն է միայն Ադրբեջանում անազատության մեջ պահվող բոլոր հայերի (ռազմագերիներ, քաղաքացիական անձինք) վերադարձին առնչվող հարցը։
Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում 3 կետ է գրել, թե ինչ չպետք է անի վարչապետը Մոսկվայում։
Ըստ նրա՝ Փաշինյանը չպետք է հրաժարվի արդեն իսկ սկսված և ապագայում սկսվելիք իրավական գործընթացներից, որոնք վերաբերում են Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային հանցագործություններին և այլ իրավախախտումներին։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը չպետք է կատարի «որևէ արարք (գործողություն կամ անգործություն), որը կզրկի ապագա իշխանություններին և սերունդներին կատարված սխալները շտկելու հնարավորությունից»։
Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Փաշինյանի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։






