«Ազգային-ժողովրդավարական բևեռը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ դիմել է ՄԱԿ ԳՔ Անտոնիո Գուտերեշին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հայտարարելով, որ «ուժի սպառնալիքի տակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերն ընդունելի չեն»։
«Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փոխադարձ պայմանավորվածությամբ թե պատերազմ սանձազերծելով և թե Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկելով, սկիզբ դրեցին տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը հօգուտ իրենց փոփոխելու նպատակով Արցախյան հակամարտությունը ուժի կիրառմամբ հանգուցալուծելու և, զուգահեռաբար, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանից զիջումներ կորզելու մի գործընթացի։
Այդ գործընթացը հակասում է հակամարտության լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի մանդատին և նրանով ձևավորված Մինսկի խմբի սկզբունքներին»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ձևի և բովանդակության առումներով միջազգային իրավունքին հակասող, սակայն ՀՀ-ին միջազգային պարտավորություններ պարտադրող եռակողմ հայտարարությունը լեգիտիմ ակտ չէ և չի կարող դառնալ Արցախյան հակամարտության լուծման փաստաթուղթ։
«Նույն հիմքով այլևս լեգիտիմ չէ նաև ուժի կիրառման սպառնալիքի տակ միջազգային իրավունքին և ՀՀ սահմանադրությանն ու ռազմավարական շահերին հակասող այդ փաստաթուղթը Հայաստանի անունից ստորագրած և ի կատար ածող Նիկոլ Փաշինյանը»,- նշվում է դրանում։
Հայտարարության մեջ ասվում է, որ ոչ լեգիտիմ կերպով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող և ուժի սպառնալիքի տակ գործող Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերն ընդունելի չեն և Հայաստանի համար չեն առաջացնում միջազգային-իրավական պարտավորություններ, իսկ «գաղութացումից Հայաստանն ազատագրելուց հետո» կնախաձեռնվի դավաճանների ներազգային պատասխանատվության գործընթաց։
«Դիմում ենք ձեզ՝ ակնկալելով ձեր աջակցությունը Արցախյան հակամարտության գործընթացը ռուս-թուրքական դավադիր ու ապօրինի ձևաչափից Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ռազմավարական շահերի դեմ ոտնձգությունները դադարեցնելու, Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև գերիների վերադարձն ու անհայտ կորածների արդյունավետ որոնողական աշխատանքը երաշխավորելու հարցերում»,-ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:






