AM
11 Հունվար 2021 - 08:22 AMT

ՀՅԴ Բյուրո․ Փաշինյանի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է

ՀՅԴ Բյուրոն Փաշինյան-Պուտին-Ալիև մոսկովյան հանդիպմանն ընդառաջ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է։

«Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը, հատկապես վերջին ամիսներին ավելի հաճախ գործում է գաղտնաբար, առանց որևէ հաշվետվության, հաշվի առնելով նաև, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոնյաների կողմից տրված բացատրությունները երաշխիք չեն կարող համարվել, որ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարում է.

• Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը։

• ՀՀ վարչապետի մասնակցությամբ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած ընդունված որևէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի և Արցախի բոլոր մակարդակների ընտրված կամ նշանակված պաշտոնյաները, որոնց պաշտոնների շրջանակում են ՀՀ և Արցախի ամբողջականության, անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանությունը. այդ պաշտոնյաները պարտավոր են ամեն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղետալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և երկու պետությունների շահերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ և Արցախի գոյությանը, անվտանգությանը և անկախությանը սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը ՀՀ վարչապետի հեռացմամբ նախատեսված գործընթացն է, որը հնարավորություն կտա ազգային միասնականությամբ դիմագրավելու բոլոր սպառնալիքները։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդեն իսկ իրականացված՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնությունները, պարտավոր են քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայությանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունություն և խաղաղություն՝ միջազգային օրենքի և սկզբունքների համաձայն կարգավորելու Արցախի հիմնահարցը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: