2021-ի հունվարից ուժի մեջ մտած նոր կարգով սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ, տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի.
• մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել),
• գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10,000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ),
• տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),
• բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10,000-33,000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10,000 դրամ),
• կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10,200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000),
• աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել),
• վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
Ըստ նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։
Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։
Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլրացնի ուսուցիչների պակասի խնդիրը։
Նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թ. ուսումնական տարվա ավարտը։






