AM
12 Հունվար 2021 - 09:24 AMT

ԶԼՄ․ Շենքերի մեծ մասի շահագործման ժամկետը հատում է 50-60 տարվա շեմը

Հայաստանում երկրաշարժի ռիսկից բացի առկա է նաև շինությունների մաշվածության խնդիր՝ բազմաբնակարան շենքերի հիմնական մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարվա շեմը, գրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը։

Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի բնակֆոնդի երկրաշարժադիմացկունության խնդիրը: Սեյսմաակտիվության և շինությունների մաշվածության գործոնների առկայությունը հանրապետությունում առաջնային է դարձնում բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման գործընթացի մեկնարկը: Սպիտակի երկրաշարժի հետևանքները դեռևս վերացված չեն: Աղետի գոտում մեծ թիվ են կազմում տարբեր աստիճանի վթարային շենքերը:

«Մյուս կողմից էլ շատ են անվտանգության նորմերին չհամապատասխանող բազմաբնակարան շենքերի թիվը: Խնդրի նման մեծ ծավալը ենթադրում է համակարգային լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է վիճակի գնահատում և առաջնահերթությունների սահմանում»,- գրում է թերթը։

Քաղաքաշինության կոմիտեն մշակել և հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»: