Սահմանազատման աշխատանքների արդյունքում խախտվել է Հայաստանի քաղաքացիների սեփականության իրավունքը, Սյունիքից ու Գեղարքունիքից մի շարք բնակավայրերի հողատարածքներ ու տներ անցել են Ադրբեջանին, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար հարցերի իրավական ձևակերպման անհրաժեշտությունը։
Թաթոյանը նշել է, որ Գորիս խոշորացված համայնքում Կապանի օդանավակայանի տարածքում քաղբնակչության կյանքը ֆիզիկական և հոգեբանական սպառնալիքի տակ է։
Նա հայտնել է, որ սահմանազատման արդյունքում մարդիկ ոչ միայն սեփական ապրուստը վաստակելուց են զրկվել, այլև բիզնեսով զբաղվելուց։
Թաթոյանի խոսքով` Ադրբեջանին անցած տարածքներում կան տներ, հողեր, որոնց սեփականության վկայականները տրվել են ԽՍՀ-ի կամ էլ ՀՀ անկախ մարմինների կողմից։
Այսինքն` գեոդեզիական և տեղագրական քարտեզների երկու հիմնական տարբերություն կա և հարց է առաջանում, թե նախկինում ինչպես են հողահատկացում արել։
«Օրինակ` Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք»,- ասել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Թաթոյանը նշել է նաև, որ Գեղարքունիքում էլ կա այս նույն խնդիրը և իր կարծիքով, մարդիկ փոխհատուցման իրավունք ունեն, Ադրբեջանի իշխանության հատուցման պարտավորությունը պետք է սա լինի։
Պաշտպանը նշել է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է այս հարցը, և այժմ որոշում են՝ ինչպես պետք է ձևակերպեն խնդիրներն իրավական տեսանկյունից։
Արցախում 44-օրյա պատերազմից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով ՀՀ Սյունիքի ու Գեղարքունի մարզի որոշ հատվածներ դարձել են սահմանամերձ, դրանք թշնամու զինված ուժերի տեսադաշտում են, երբեմն՝ մի քանի տասնյակ մետրի վրա։






