Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Հայաստանի պետական արարողակարգում որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր, բացի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից, դարձնել նաև Եռաբլուր պանթեոնը:Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որԱրցախյան երկրորդ պատերազմից հետո Եռաբլուր պանթեոնը սրբազան վայր է դարձել հայ ժողովրդի համար և նոր իմաստ ձեռք բերել։
Համապատասխան օրինագիծը Բաբաջանյանն արդեն դրել է շրջանառության մեջ։
«Արցախյան զույգ հերոսամարտերը մեր նորագույն պատմության ամենանվիրական էջերն են։ Հայաստանի անկախության և պետականության համար իրենց կյանքն են զոհել մեր հազարավոր եղբայրները: Այդու, Հայաստան այցելող օտակրերյա պաշտոնյաների՝ Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցնեք նրանց հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին, ինչպես նաև այնտեղ հանգչող ապրիլյան պատերազմի հերոսացած նահատակներին և այլ պետական և զինվորական այրերին»,- ասվում է գրառման մեջ:
Եռաբլուրը Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոնն է, որտեղ ամփոփվել են Արցախյան երկու պատերազմում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Եռաբլուրում է ամփոփված զորավար Անդրանիկի աճյունը։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Այն գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում։






