AM
12 January 2021 - 14:29 AMT

Գլխավոր դատախազը Մոսկվայում է․ Մասնակցելու է մասնագիտական տոնի միջոցառման

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսվայում է՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում են դատախազությունից։

«Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Դատախազությունից հայտնում են նաև, որ Դավթյանն Արցախում ծառայություն իրականացնող՝ ՌԴ դատախազության 4 աշխատակցի պարգևատրել է մեդալնելով և կրծքանշանով՝ իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար։ Դավթյանի այցը շարունակվում է: