Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և Ապկարիան հիմնադրամի համագործակցության արդյունքում ՀՌՀ-ում ստեղծվել է Արցախի արդարության և արդարադատության կենտրոն՝ որպես համալսարանի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:
«Կենտրոնի հիմնական առաքելությունն է դառնալ 2020թ․ Արցախյան պատերազմում զոհված և տուժած անձանց հանդեպ գործած հանցագործությունների մասին վկայությունները (աուդիո/տեսանյութերի և փաստաթղթերի տեսքով) հավաքագրող գործուն շտեմարան։ Այդ ականատեսների վկայությունները հասանելի են լինելու կրթական և իրավական ոլորտներում հետազոտությունների համար՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, վկայությունների պահպանմանը և արդարության վերականգնմանը»,- նշել է Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը։
Նա հավելել է, որ այդ վկայությունները հետագայում կարող են դառնալ փաստական հիմք՝ տուժած անձանց կամ իրենց իրավահաջորդների խախտված իրավունքների վերականգնման և կորցրած սեփականության համար փոխհատուցում ստանալու նպատակով դատական հայցեր ներկայացնելիս:
«Արցախի արդարության և արդարադատության կենտրոնում» Հայաստանի և Արցախի իրավաբանական խմբերին՝ հիմնականում բաղկացած ուսանող-սկսնակ իրավաբաններից, սովորեցնելու են պատերազմի հետևանքով տուժած անձանցից միջազգային իրավական չափանիշներին համապատասխան և փաստական հիմք պարունակող հարցազրույցների վարման մեթոդիկային։
Իր հերթին Արցախի արդարության և արդարադատության կենտրոնի համահիմնադիր, ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Օրենջ վարչական շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասիա Աբգարյանն ասել է․ «Արցախի արդարության և արդարադատության կենտրոնը ստեղծվել է Արցախյան պատերազմում տուժած հայերի ձայնը լսելի դարձնելու, ինչպես նաև պատերազմում տուժածների վկայությունների արձանագրման, պահպանման և ցուցադրման նպատակով: Այն հասանելի կդառնա կրթելու, պաշտպանելու և դատական գործընթացներ սկսելու նպատակով: Շնորհակալություն ենք հայտնում Հայ-Ռուսական համալսարանին՝ այս տեսլականն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար»:
Արցախի արդարության և արդարադատության կենտրոնի գործունեության մասին պատմող էջը շուտով հասանելի կլինի ՀՌՀ-ի պաշտոնական կայքում: Բացի այդ, արդեն գործում է Կենտրոնի էլեկտրոնային հասցեն, որին դիմում են պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիները։






