AM
13 Հունվար 2021 - 10:45 AMT

Ջհանգիրյանը՝ ԲԴԽ թեկնածու դառնալու մասին․ Համաձայնել եմ «Իմ քայլի» առաջարկին, գնում եմ մասնագիտական աշխատանքի

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո նախկին զինդատախազ, «Հայ ազգային կոնգրեսի» նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե ինքը համաձայնել է մեծամասնություն կազմող խմբակցության առաջարկին՝ դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, փոխանցում է Factor.am-ը։

«Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդ է պահանջվում ընտրության համար, բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ այսօրևեթ ԲՀԿ-ն ԼՀԿ-ն ևս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- ասել է նա:

Ջհանգիրյանի խոսքով՝ Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրումը։

Նա պատասխանել է նաև հարցին, թե ինչպես է պատկերացնում աշխատանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այն պարագայում, երբ վերջինս ժամանակին իր նախագիծն անգրագիտություն էր որակել։

«Ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, այդ անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ»,- ասել է նա։

Ջհանգիրյանը նաև պատասխանել է իր տարիքին վերաբերող հարցին, որը բարձրացրել էր նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ նշելով, որ 65 տարեկանը լրացած անձինք այդ պաշտոնին հավակնել չեն կարող։ Նախկին զինդատախազն ասել է, թե օրենքի համապատասխան սահմանափակումը գործում է դատավորների, այլ ոչ՝ իրավաբան-գիտնականների համար։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե «Իմ քայլը» պատրաստվում է հանդիպել Ջհանգիրյանի հետ ու քննարկել նրա՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը։