ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը ԼՂ թեմայով Caucasus Insititute-ի վեբինարի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները համաձայնության էին եկել, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել, գրում է «Առավոտը»։
Caucasus Insititute-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձախողումները և հեռանկարները թեմայով» վեբինարին մասնակցել է նաև վերլուծաբան Զաուր Շիրիևը։
«Շատ պատճառներ կան բանակցությունների ձախողման համար։ Սա պարզապես շահերի հակամարտություն չէր, սա մի հակամարտություն էր, որի մեջ կողմերը ներդրել են իրենց պատմությունը, իրենց մշակույթը: Հակամարտություն էր, որը մաս էր կազմում երկու կողմերի ներքին զարգացումների վրա»,- ասել է Լիպարիտյանը։
Նա կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անարդյունավետ էր․ «Այնպես չէր, որ նրանք ռեսուրսներ չունեն։ Շատ կարևոր երկրներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Սրանք պետություններ են, որոնք մեծ ռեսուրսներ ունեն՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, և նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են։ Խնդիրն այն էր, որ չնայած այն հանգամանքին, որ բոլոր երեքն էլ համաձայնության էին եկել լուծման հիմունքների վերաբերյալ, բոլոր երեքն էլ ասացին, որ Ղարաբաղը չի կարող անկախ լինել, երեքն էլ ասացին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն։ Չնայած դրան, նրանք Ղարաբաղի կոնֆլիկտը չէին դիտարկում իբրև առանձին կոնֆլիկտ, նրանք դա դիտարկում էին իբրև տարածաշրջանային խնդրի մաս»։
Լիպարիտյանը համարում է, որ Ֆրանսիան դուրս է եկել գործընթացից, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես հրաժարվել է աշխարհից։
«Ռուսաստանը ճիշտ պահն է գտել։ Չեմ տեսնում, որ մնացած երկուսը վերադառնան, չնայած Ռուսաստանը կցանկանա, որ պաշտոնապես ԵԱՀԿ-ի շրջանակում լինի, և ինչ որոշում էլ կայացվի, ստանալ ԵԱՀԿ-ի հաստատումը»,- ասել է նա։
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյան շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված։ «Մնում են շատ հարցեր, որոնցից մեկը ԼՂ ստատուսի հարցն է, ու Հայաստանը պատրաստ է, մասնավորապես, այդ հարցի շուրջ բանակցությունների ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափի շրջանակում», – ասել է նա։






