AM
13 Հունվար 2021 - 11:12 AMT

Լրագրողների հորդորը՝ ՊՆ-ին․ Ճշտել օպերատորին հարվածել փորձած սպայի ինքնությունն ու քննություն սկսել

Լրագրողական 10 կազմակերպություն պաշտպանության նախարարությանը կոչ է անում ճշտել հունվարի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինվորների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ 24News լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանին հարվածել փորձած բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել։

Հունվարի 9-ի բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու 24News լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։

«Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի»,-ասված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները նաև Ոստիկանությանն են հորդորել «առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները», իսկ լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին։

Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը։