AM
14 Հունվար 2021 - 08:42 AMT

Բադասյան․ Դատավորների թիվը կավելանա ու նրանց համար 2 մասնագիտացում կներդրվի

Կոռուպցիոն հանցագործությունների քննության ծավալը դատական համակարգում 30% աճի միտում ունի, նախատեսվում է ավելացնել դատավորների թիվն ու կոռուպցիոն գործեր քննող դատավորների համար ներդնել 2 մասնագիտացում: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։

Նախարարի խոսքով՝ փաթեթով ներդնում են երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

«Փոփոխությունների փաթեթով առաջարկում ենք դատավորների թվաքանակն ավելացնել։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանում՝ մինչև 21, իսկ Վերաքննիչում` 3 հաստիք ավելացնել։ Հայաստանում 100,000 բնակչին բաժին ընկնող դատավորների թիվը բացասական առումով տարբերվում է այլ երկրների ցուցանիշներից, դատավորների ավելացումը կբերի քրգործերի ժամկետների կրճատման»,- ասել է Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ 2019-ի հուլիսի 1-ից 2020-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվել են 275 կոռուպցիոն հանացագործությունների հետ կապված դեպքեր, իսկ դատախազությունը մոտ 2228 քրգործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ իրականացնում է դատախազական հսկողություն։

Բացի այդ, օրենքի փոփոխմամբ առաջարկվում է այսուհետ հրապարակել միայն դատարանի տեղը, որտեղ պետք է քննվի, օրինակ, կալանքի միջնորդությունը, իսկ դատավորի տվյալները չներկայացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով օրենքի նախագիծը, նշել է, որ դատաիրավական համակարգի բարեփոխումներն էական փուլ են մտնում: Նրա խոսքով` աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է, երբ կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացվում է դատարանի որոշակի կազմ, որը պետք է քննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը:

«Դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է սկսվելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է լինելու: Պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի։ Այսինքն՝ երբ դատավորը որոշում կայացնի, այն ի գիտություն ընդունվի, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա դրա տակ»,- ասել է վարչապետը։

Ներկայացրած փաթեթին Կառավարությունը հավանություն է տվել, այն կուղարկվի Ազգային ժողով քննարկման։