Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդունելով Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին։
Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:
Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակն ու ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձման հարցը:
Դեսպանը նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման և նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Ուրազաևը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել, որը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը․ դրանով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Մոսկվայում 4 ժամ տևած բանակցություններից հետ, սակայն, Հայաստանի համար առաջնահերթություն համարվող գերիների վերադարձի հարցն առայժմ չի հաջողվել կարգավորել։






