AM
19 Հունվար 2021 - 09:17 AMT

Ինչպես են ամերիկահայ փաստաբաններն օգնում տեղ հասցնել Բաքվի հանցանքների մասին տեղեկությունը

Հայերի իրավունքների պաշտպանության (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը 44-օրյա պատերազմի առաջին օրից կատարել են բացառիկ դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ հայկական սփյուռքի ու Հայաստանի և Արցախի միջև:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրանք նաև լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլև քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով:

«Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա եւ Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետևել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում:

Փաստաբանների աջակցությունը շարունակվում է ցայսօր․ կարևոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար»,- նշել է Թաթոյանը։

Կարո Ղազարյանը գործում է Լոս Անջելեսում, Գառնիկ Քերքոնյանը՝ Չիկագոյում: