AM
19 Հունվար 2021 - 09:24 AMT

Վճռաբեկի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ դրա փոխվել են Վճռաբեկ դատարանի նախագահի համար սահմանված պահանջները:

Օրենքի նախագիծը ստացել է 86 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայն:

«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն և բավարարում են օրենքի համապատասխան հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում»,- հայտարարել է նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Օրինագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արփինե Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը և Վահագն Հովակիմյանը: