AM
21 Հունվար 2021 - 11:25 AMT

ԲՀԿ․ GPS-ով սահմանագծումը բերել է լրջագույն խնդիրների և ռիսկերի

GPS-ի միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների և ռիսկերի, Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ, հայտարարել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Պատգամավորի խոսքով՝ գյուղի մի մասն անցել է Ադրբեջանին, իրենք դա տեսել են Սյունիքի մարզ այցելության ժամանակ։

«Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան և Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել Սյունիքի խնդիրները։

Մելքումյանի գնահատմամբ՝ Սյունիքը սպառնալիքի տակ է, և այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարևան Ադրբեջանից:

44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։