ՌԴ մեկնելուց առաջ հարկավոր է ներբեռնել «Ճամփորդիր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը՝ դրան միացող նոր լաբորատորիաների ցանկը թարմացվում է, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նշվում է, որ փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդիր առանց Covid-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից ՌԴ մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:
Փետրվարի 1-ի` ժամը 17:55-ի դրությամբ, արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «ՌԴ և ՀՀ միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի ինչպես հավելվածում, այնպես էլ Աառողջապահության նախարարության կայքում:
Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, Առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
• Ռուսաստան մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
• Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
• Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
• Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
• Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
• Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
• Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը»,-պարզաբանում են նախարարությունից։
Փետրվարի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ մեկնողների շրջաում խնդրի էր առաջացել՝ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) թեստ էին հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրծված չէին հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված էին վճարովի ծառայություն մատուցող լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը:






