AM
3 Փետրվար 2021 - 12:43 AMT

Բեղլոյանը՝ իր խոսքերի մասին․ Ասել եմ՝ Ադրբեջանի՝ «ում են պատկանում Արցախի տարածքները» խոսակցությունները պատերազմի բերեցին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հերքում է սոցցանցերում ու մամուլում տարածված լուրերը, իբրև ինքը նշել է, թե Արցախում տարածքները կարևոր չեն. նրա խոսքով՝ իր հայտարարությունը կոնտեքստից կտրվել է։

Պատգամավորն ասել է, որ նկատի է ունեցել, թե 30 տարի Ադրբեջանն ապարդյուն փորձել է ապացուցել, որ Արցախը պատմական հող է և 30 տարի տևած այդ խոսակցությունները հանգեցրել են պատերազմի։

Ավելի վաղ Ազգային ժողովի դիմաց ընդդիմադիրները նետել էին Բեղլոյանի լուսանկարն ու գոմաղբ՝ պատճառաբանելով, թե ԱԺ-ում հակահայկական ու հակապետական օրինագծեր են քննարկվում։

«Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը, եղել է թուրք գործչի պնդմանն ուղղված պատասխանը, թե «Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը»։ Դրան ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ որևէ մեկը պատմական մեջբերումներ անել չի կարող՝ նկատի ունենալով, որ 30 տարի Ադրբեջանը՝ հնարելով Արցախին պատմություն, փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը և հայերը միշտ դրա մեջ ավելի լավ են, մեր պատմությունն ու անտիկ մեջբերումներն ապացուցում են հակառակը։ Ես կոչ արեցի, որ այդ խոսակցությունն այս համատեքստում չշարունակվի»,- ասել է Բեղլոյանը, փոխանցում է Factor.am-ը։

Բնութագրելով ներկա իրավիճակը՝ նա նշել է՝ «զինադադար է, որը կարող է լինել երկարատև խաղաղ ապրելու սկիզբ և որի ընթացքում մենք պետք է ուժեղանանք ու կառուցենք հզոր երկիր»։

Բեղլոյանի խոսքով՝ քանի դեռ ադրբեջանական կողմը հայ ռազմագերիներին իր երկրում է պահում, զորավարժություններ ու թշնամական հայտարարություններ անում, չի կարող հայերի ու ադրբեջանցիների համակեցությամբ ապրելու գործընթաց սկսել։