AM
3 Փետրվար 2021 - 13:22 AMT

Սասունյան․ Շուշիի մասին Փաշինյանի ձախող խոսքերն իրեն են վնասում

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեկը մյուսի հետևից սխալներ և ապակողմնորոշիչ հայտարարություններ անել, իր հոդվածում գրում է, որ Շուշիի մասին Փաշինյանի ձախող խոսքերն իրեն են վնասում։

Սասունյանի հոդվածում ասվում է․

«Մի քանի շաբաթ առաջ, խորհրդարանում ելույթ ունենալիս, Փաշինյանը զայրացրեց բազմաթիվ հայերի՝ որպես «դժբախտ ու դժգույն» նկարագրելով պատմական հայկական Շուշի քաղաքը։ Որևէ պատճառ չկար նման բացասական ածականներ օգտագործելու համար: Խորհրդարանում մեկ այլ ելույթի ժամանակ Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը, երբ ասաց. «Շուշին ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն` դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Փաշինյանի ձախող խոսքերից հետո մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհի հայության շրջանում: Սա ևս ինքն իրեն վնասող մեկ դեպք էր: Մի քանի օր անց, երբ Փաշինյանը այցելեց Եռաբլուր, և երբ լրագրողը հարց ուղղեց նրան Շուշիի վերաբերյալ խորհրդարանում իր արած հայտարարության մասին, նա ասաց, որ կպատասխանի, եթե լրագրողը գրավոր ներկայացնի իր հարցը: Հաջորդ օրը լրագրողը Փաշինյանի խոսքերը գրեց մի մեծ պաստառի վրա և բարձրաձայն կարդաց այն՝ վարչապետի շենքի դիմաց կանգնած: Թեև Փաշինյանի կողմնակիցներից մեկը հարձակվեց լրագրողի վրա և պատռեց պաստառը, վարչապետը պահեց իր խոսքը և իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսանյութով անդրադարձավ այս խայտառակ կացությանը:

Իր պատասխանում Փաշինյանը նախ մեղադրեց լրատվամիջոցներին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ։ Նա կրկնեց, որ 1990-ականների սկզբին ադրբեջանցիները կազմում էին Շուշիի բնակչության 90 տոկոսից ավելին կամ ավելի ճիշտ` 96 տոկոսը: Նա շարունակեց. «Ինչպե՞ս կարելի էր Շուշին համարել հայկական վերահսկողության տակ իր կարգավիճակով, երբ բնակչության 96 տոկոսը ադրբեջանցի էր»:

Նշվում է նաև, որ Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց իր նախկին հայտարարության և իրավիճակը շտկելու հետագա անհաջող փորձի մեջ։ Իրականում, նա ոչ մի պատճառ չուներ նման խառնաշփոթ ստեղծելու և կեղծ փաստարկներ բերելու: Նա պարզապես պիտի ասեր, որ մերժել է Ալիևի առաջարկը, քանի որ ադրբեջանցիների՝ հայկական հսկողության տակ Շուշի վերադառնալ թույլ տալն անընդունելի էր իր և հայերի մեծ մասի համար: Փաստորեն, սա հենց այն է, ինչ ասել է Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա իրեն փոխանցել էր Ալիևի առաջարկը:

«Եթե Փաշինյանը սահմանափակվեր այս փաստով, ապա հայկական աշխարհում բողոքի ալիք չէր բարձրանա: Պատճառ չկար ասելու, որ մինչ 1992 թվականը Շուշին բնակեցված էր հիմնականում ադրբեջանցիներով՝ նման վեճ առաջացնելով այն ժամանակ, երբ նրա իշխանությունը արդեն թուլանում էր, իսկ նա քննադատության էր ենթարկվում բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իր նախկին աջակիցների կողմից:

Մատնանշելով անցյալում Շուշիում բնակվող ադրբեջանցիների մեծ տոկոսը, Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց. Նախ և առաջ, անկախ Շուշիում բնակվող ադրբեջանցիների քանակից, հայտնի փաստ է, որ այն դարեր շարունակ եղել է հայկական քաղաք՝ Ադրբեջանի գոյությունից դեռ շատ առաջ: 1920-ին, երբ ադրբեջանցիները Շուշիում կոտորեցին հազարավոր հայերի, հայ բնակչության թիվը զգալիորեն կրճատվեց։ Սակայն իր ապակողմնորոշիչ հայտարարության մեջ Փաշինյանը նման բացատրություն չներկայացրեց։

Երկրորդ, Փաշինյանը սխալ էր՝ գնահատելով որևէ տարածքի հայկական լինելը՝ ելնելով որոշակի ժամանակահատվածում նրա բնակչության թվաքանակից։ Օրինակ, Նախիջևանում կամ Արևմտյան Հայաստանում այժմ գրեթե հայ չկա, սակայն հայերը մինչ օրս այդ տարածքները համարում են պատմական Հայաստանի մաս:

Երրորդ, թեև հասկանալի է, որ Ալիևի առաջարկը՝ թույլ տալ նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի, որը գտնվում է հայերի վերահսկողության տակ, դժվար ընդունելի էր Փաշինյանի և հայերի մեծամասնության համար, կա մի կարևոր հարց, որը պետք է նկատի առնվեր․ քանի՞ ադրբեջանցի կվերադառնար Շուշի՝ հայկական իշխանության տակ ապրելու համար: Շատ քիչ, եթե ոչ զրո»,-ասվում է հոդվածում:

Սասունյանը գրում է, որ Փաշինյանի հրաժարվելը Ալիևի առաջարկը ընդունելուց 2020 թ. հոկտեմբերի 19-ին նշանակում էր, որ պատերազմը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 9-ը` հանգեցնելով ավելի շատ հայկական տարածքների կորստի, ադրբեջանցիները ամբողջովին գրավեցին Շուշին, և շատ ավելի հայ երիտասարդ զինվորներ զոհվեցին կամ վիրավորվեցին: Պատերազմի ընթացքում Փաշինյանի սխալ որոշումների հետևանքները շատ ավելի աղետալի էին, քան խորհրդարանում իր սխալ հայտարարությունը և ինքն իրեն շտկելու հետագա անհաջող ջանքերը։

«Վարչապետը պետք է գիտակցի, որ որքան երկար է կառչած մնում իշխանությունից, այնքան ավելի է ապակայունացնում երկիրը: Որքան շուտ նա հեռանա, այնքան արագ նոր կառավարությունը կարող է ստանձնել իշխանությունը և փորձել կրճատել Հայաստանի ու Արցախի կրած վնասները»,-ասվում է հոդվածում: