AM
4 Փետրվար 2021 - 07:32 AMT

ԱԱԾ. ԶՈւ գնդապետը ձերբակալվել է զինվորների ծնողներից խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքով

Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՊՆ՝ կոչումով գնդապետ պաշտոնատար անձը, ժամկետային զինծառայող Դ.Հ.-ին առանց բավարար հիմքերի նույն զորամասի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020-ի սեպտեմբերի 13-ին վերջինիս մորից անձամբ պահանջել է 975,340 դրամին համարժեք 2000 դոլար կաշառք, որից 490,000 դրամը ստացել է հաջորդ օրը ՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Նույն պաշտոնատար անձը 2020-ի սեպտեմբերի 27-ից զորահավաքային զինծառայության մեջ գտնվող Յ.Տ.-ին ռազմական գործողությունների վայրերում ծառայության չուղարկելու համար, նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է 1,234,350 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք, որից 987,470 դրամին համարժեք 2000 դոլարը ստացել է նույն օրը:

Նույն անձը, 2020-ի ձմեռային զորակոչի ընթացքում Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակումը կազմակերպելու համար, միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձին՝ Ռ.Կ-ի օգտին այդ հարցի կարգավորման համար։ Դրա դիմաց պաշտոնյան 2020-ի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է 5,244,200 դրամին համարժեք 10,000 դոլար կաշառք:

Հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ժամկետային զինծառայող Վ. Հ.-ին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար 2021-ի հունվարի 6-ին վերջինիս հորից պահանջել է 1,000,000 դրամ կաշառք, որը հունվարի 7-ին և 8-ին համապատասխանաբար 350,000 դրամ և 650,000 դրամ չափով կրկին ստացել է «Աջարաբեթի» իր օգտահաշվին փոխանցմամբ:

Նշված անձը Հ.Ա.-ին զինհոսպիտալում աշխատանքի ընդունելու և սպայական կոչում շնորհելուն նպաստելու համար պահանջել է 1,389,850 դրամ կաշառք:

Նույն անձը պատերազմի օրերին Սյունիքի Խնձորեսկ համայնքի զինհոսպիտալից կազմակերպել է զորահավաքային զինծառայողի վերադարձը Երևան և նրա հետագա ծառայությունը թիկունքային աշխատանքների զորամասում կազմակերպելու համար պահանջել է 300,000 դրամ:

Լուսակերտի զորամասում ժամկետային զինվորական ծառայություն առաջնագիծ չուղարկելու համար պաշտոնատար անձը նշված հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, պահանջել և ստացել է 200, 000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք են բերվել նաև նշված անձի կողմից խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ: ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը բերման է ենթարկվել, ինչպես նաև առնչություն ունեցող մոտ 10 անձ, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի կարգավիճակում:

Նախաքննության ընթացքում կատարված մոտ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: