AM
4 Փետրվար 2021 - 12:25 AMT

ՌԴ բուհերում սովորելու մրցույթ է հայտարարվում

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի տարածքում 01.09.2020 թ. դրությամբ գրանցում չունեցողներ), տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599 644):