AM
4 March 2009 - 13:13 AMT

Թույլ տեսողությամբ երեխաների դպրոցին 88 հազ. դոլարի կահույք է փոխանցվելու

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը (նստավայրը` Մոսկվայում) եւ «Մարդու առողջություն» Հայկական հասարակական բարեգործական կազմակերպությունը մարտի 4-ին պայմանագիր են կնքել, որի համաձայն Երեւանի N 16 թույլ տեսողությամբ երեխաների համար մասնագիտացված դպրոցին կհատկացվի 88 հազ. դոլարի կենցաղային եւ դպրոցական կահույք:

Սա արդեն երրորդ պայմանագիրն է, որը կնքում են «Մարդու առողջություն» կազմակերպության նախագահ Լեւոն Մովսեսյանն ու Ճապոնիայի դեսպանության տնտեսական բաժնի առաջին քարտուղար Իիդա Ձիրոն (միջազգային համագործակցություն): Առաջին գրանտը տրվել էր Խարբերդի մտավոր հետամնաց երեխաների մանկատանը, երկրորդը` Երեւանի խուլ-համր երեխաների N 15 մասնագիտացված դպրոցին:

N 16 մասնագիտացված դպրոցում սովորում է Երեւանի եւ Հայաստանի մարզերի սոցիալապես անապահով ընտանիքների 250 երեխա, բայց նրանցից միայն 80 են ապրում դպրոցում եւ ազատ օրերին տուն վերադառնում:

Դպրոցում գործում են երգեցողության, նկարչության, պարի, կավագործության խմբակներ:

Ինչպես նշում են դպրոցի տնօրինության ներկայացուցիչները, ուսումնական հաստատությունում սովորող երեխաների քանակը չի ավելանում, թեեւ միայն Գյումրիում բնակվում են 40 երեխաներ, որոնք օգնության կարիք ունեն եւ պետք է մշտապես գտնվեն օֆտալմոլոգների (աչքի բժիշկների) հսկողության ներքո:

«Բոլոր 3 նախագծերը շատ կարեւոր են երեխաների համար: Մենք փորձում ենք ստեղծել հարմարավետ բնակության բոլոր պայմանները: Մենք վստահ ենք, որ երեխաների համար կօգտագործվեն բոլոր միջոցները: Եւ մենք հետագա համագործակցության ակնկալիք ունենք»,- ասել է Իիդա Ձիրոն:

Բացի դպրոցներին կատարած նվիրատվություններից ճապոնական կառավարությունն իրագործում է Երեւանի էլեկտրակայանի շինարարությունը եւ մի քանի հրդեհային մեքենա է նվիրել Երեւանի հրդեհային բաժանմունքներին: