Էջմիածնի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար, նա 2020-ի օգոստոսին չի կրել պաշտպանիչ դիմակ, չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին ու հարվածել է նրան, փոխանցում են Քննչական կոմիտեից։
Բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ դեպքի օրը ոստիկանները մոտեցել են տղամարդուն և խնդրել անձը հաստատող փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել է, որ չունի և չի պատրաստվում ներկայացնել որևէ տվյալ: Տղամարդը հրաժարվել է գնալ ոստիկանության բաժին, նրան փորձել են բերման ենթարկել, սակայն դիմադրել է։
Կորոնավիրուսի համավարակի պատճառողվ Հայաստանում 2020-ի մարտից դիմակ կրելը պարտադիր է։ Քաղաքացիները, որոնք դիմակ չեն կրում, ենթարկվում են վարչական պատասխանատվության։






