Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կոմպոզիտորներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ ու Արցախ, նրա համոզմամբ՝ բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը։
Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Դումանյանն անդրադարձել է նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից։
«Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»,- ասել է նա:
Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած և առաջիկա ծրագրերը:
Նրանք խոսել են նաև առկա խնդիրների մասին և լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լևոն Չաուշյանը նախարարին նվիրել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն:






