AM
6 Փետրվար 2021 - 07:14 AMT

Մարզպետ․ Գեղարքունիքում երկրաշարժից հին անասնագոմեր են քանդվել, էլեկտրամատակարարումն է ընհատվել

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով չշահագործվող անասնագոմեր են քանդվել, որոշ տեղերում ժամանակավորապես դադարեցվել է նաև հոսանքի մատակարարումը, հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Նախնական տվյալներով՝ որևէ խոշոր շինության խոշոր ավերածություն չունենք»,-ասել է մարզպետը` հստակեցնելով, որ քանդված շինությունները 2-3 հին, չշահագործվող անասնագոմեր են եղել` Շորժա և Արտանիշ գյուղերում։

Դրանք դատարկ են եղել, կենդանիներ ևս չեն տուժել երկրաշարժից։

Փետրվարի 5-ին Երևանի ժամանակով ժամը 19:36-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցվել էր երկրաշարժ, որը զգացվել էր նաև Հայաստանի այլ մարզերում ու մայրաքաղաք Երևանում։ ԱԻՆ լրատվական ծառայության հայտնած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մակերևույթից 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: