AM
8 Փետրվար 2021 - 16:11 AMT

«Այբը» Հարությունյանի դեմ 100-էջանոց հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ Հիմնադրամի որակմամբ՝ 2018-ի մայիսից իրենց դեմ փաստացի հետապնդում է իրականացվում։

Հաղորդման համար հիմք են եղել նախկին նախարարի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։

Փետրվարի 1-ին մոտ 100-էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Հիմնադրամի բնորոշմամբ՝ ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ դրա հետևանքով զրկվել են իրենց լեգիտիմ իրավունքից՝ այս ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով, որի օգնությամբ հայ երեխաները ոչ միայն կստանային որակյալ կրթություն, այլև առանց լրացուցիչ ջանքերի կարող էին սովորել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում։

«Տեղեկացնենք նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։ Մենք ապահովելու ենք առավելագույն թափանցիկություն, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս դատական գործընթացներից», – ասվում է հաղորդագրությունում։