ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բոլորին դիմել է սթափվելու կոչով՝ նշելով, որ վերջին շրջանում հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է իշխանավեճի թեմաներով, որի պատճառով ստվերված են երկրում մարդու իրավունքների իրական խնդիրները, անտեսված են մարդկանց վերաբերող իրական գերակայությունները։
ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում նշել է նաև, որ պետության քաղաքական համակարգը նրա համար չէ, որ իշխանավեճով զբաղվի:
«Քաղաքական համակարգն իր իշխանական և ոչ իշխանական կուսակցություններով ու ուժերով պետք է ծառայի մարդուն, նրա խնդիրների լուծմանը, իրավունքների պաշտպանության իրական գերակայություններին ու մարդու համար լինի կանխատեսելի:
Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ որպես պետության ինստիտուտներ, պետք է իրենց նախաձեռնությունների կամ գործողությունների հիմքում դնեն մարդու իրավունքների արդիական, հանրությանն անհանգստացնող գերակա հարցեր՝ յուրաքանչյուրն իր կարգավիճակի սահմաններում: Այս դեպքում հանրային քննարկումն էլ կշարժվի հենց այդ ուղղությամբ:
Այդ կերպ է իշխանությունը հանրությանը ցույց է տալիս իր քայլերն իրական խնդիրների առնչությամբ, իսկ ընդդիմությունը նույն սկզբունքով իշխանության նկատմամբ այդ հարցերով ապահովում է պատշաճ վերահսկողություն: Վերջապես, հասարակությունն էլ տեսնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են իր առօրյա, իրական խնդիրներով, այլ ոչ թե իշխանավեճի նեղ թեմաներով, որ իր իրավունքների հարցերը բոլորի իրական ուշադրության կենտրոնում են, այլ ոչ անտեսված են ու գտնվում են հանրային քննարկման լուսանցքում»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Թաթոյանը հավելել է, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. խախտված կամ լրջորեն վտանգված են սահմանային բնակիչների կենսական իրավունքները, նրանց համար իրենց վերաբերող հարցերում այդպես էլ կանխատեսելիություն չի ապահովվում, Հայաստանին ադրբեջանական իշխանությունները սպառնում են նոր պատերազմով ու երկրի բնակչության մասին խոսում են սպառնալիքների լեզվով, անհրաժեշտ է գործադրել պատասխանատվության ընթացակարգեր մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների համար, պետք է երաշխավորել մարդկանց սոցիալ-տնտեսական իրավունքները և այլն:
«Այս և այլ գերակայություններ պետք է լինեն յուրաքանչյուր կողմի նախաձեռնության կամ ծրագրի հիմքում՝ անկախ քաղաքական որևէ հայացքից կամ կարգավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել Արցախում ու ՀՀ-ում։ Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանազատումը կատարվել է համաձայն ԽՍՀՄ քարտեզի․ ադրբեջանական կողմին են անցել հայկական որոշ բնակավայրերից տներ ու հողատարածքներ։