ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020-ի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:
«Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը:
Նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ:
Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ասել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ակնկալում է շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել ՀՀ կրթական բարեփոխումներին: Առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:
ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում:






