AM
10 Փետրվար 2021 - 15:25 AMT

ԱԺ-ում քննարկվող նախագծով նախատեսվում է ամրագրել իրավունքի չարաշահման արգելքը

Ազգային ժողովում քննարկվել է կառավարության ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որով նախատեսվում է ամրագրել իրավունքի չարաշահման արգելքը:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է․ «Մի շարք դատավարություններ են ընթանում, որտեղ բուն գործի քննությունը այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրականացնում են իրավունքի չարաշահում: Նույնանման միջնորդություններով, նույնանման վարքագծով հասնում են արդարադատության հետաձգմանը: Նախագծով հնարավորություն է տրվում իրավունքի չարաշահման արգելքի դեպքում կիրառել սանկցիա»:

Բադասյանը նշել է նաև, որ նախագծով վարույթի ամրագրումը էլեկտրոնային է լինելու: Արդեն մրցույթում հաղթա՛ ընկերություն կա, որը մշակում է այն էլեկտրոնային ծրագիրը, որը թվայնացնելու է նախաքննության փուլը:

Նախագծով հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը, ինչն, ըստ արդարադատության նախարարի, դա թույլ կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:

Առաջարկվում է նաև փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: